Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ հրապարակման հիման վրա, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Քրեական վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։
ՔԿ-ից հայտնել են, որ այս գործով անցնող անձը ներգրավված է նաև մեկ այլ քրեական վարույթով՝ բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու վերաբերյալ։ Նրա նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում, հայտարարվել է հետախուզում։
Հուլիսի 28-ին Հակոբյանը հայտնել էր, որ ընտանիքներում բռնության թեմայով հրապարակումներից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ։ Նա հույս էր հայտնել, որ պետական մարմինները կկարողանան կանխել նման դեպքերը։
Մինչև քրեական վարույթի նախաձեռնվելը՝ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ուսումնասիրում է ստացված հաղորդումը, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակոբյանի հրապարակման հիման վրա ընթացք է տրվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցում հաստատել էր, որ տեղյակ է կնոջ հասցեին հնչած սպառնալիքների մասին։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած դեպքի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







