Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն առնվազն հինգ հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Էլ-Մանսուրի քաղաքում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտներին, հայտնում է լիբանանյան Janoubia լրատվական պորտալը։
Հաղորդվում է, որ ռմբակոծության է ենթարկվել նաև բնակիչների կողմից լքված մի քանի տուն։ Այն շրջաններից, որտեղ հասցվել են հարվածները, երկինք են բարձրանում թանձր ծխի սյուներ։ Ավելի վաղ իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ սահմանամերձ Տյուրոսի շրջանում գտնվող Էլ-Մանսուրի բնակավայրում հայտնաբերվել է «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածք։
Բացի այդ, իսրայելական անօդաչու թռչող սարքերն օրվա երկրորդ կեսին գրոհել են ցամաքային թիրախներն Արնունում, Կֆար-Թիբնիտում և Մաջդալ-Զունում, որտեղից հաղորդվում է երեք վիրավորի մասին։ Իսրայելական հրետանին խոշոր տրամաչափի արկերով կրակ է բացել Դեյր-Սիրյան և Կանտարա բնակավայրերի ու շրջակայքի ուղղությամբ։ Մի շարք վայրերում վնասվել են բնակելի շինություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







