ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի և եղբորոորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, Armenia Today-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ըստ գերատեսչության՝ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ։
Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ Խաչատրյաններն առողջական խնդիրներից ելնելով դատական նիստին չեն ներկայացել, և մեղադրողը միջնորդել է խափանման միջոց գրավը փոխարինել կալանքով։
«Օրենքով նշվում է, որ, եթե անձը հարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին, խափանման միջոցը չի կարող փոխվել։ Ներկայացրել ենք բժշկական փաստաթղթեր, որտեղ նշված է, որ նրանց արգելված է թռիչքը որոշակի ժամկետով»,- ասել է նա։
Սարգսյանը հավելել է, որ 2 տարի դատական նիստեր են ընթացել, և նրանք մշտապես պատշաճ ներկայացել են։ Փաստաբանը հավելել է, որ որոշումը կբողոքարկեն։
Խաչատրյանի փաստաբանական խումբը քաղաքականապես մոտիվացված է անվանել Արտյոմ և Արամ Խաչատրյանների կալանավորման որոշումները։
Հակակոռուպցիոն դատարանը նման խափանման միջոց է ընտրել մեկ շաբաթվա ընթացքում՝ նրանց երկու անգամ դատական նիստերին չներկայանալու հիմքով։ Փաստաբանների պնդմամբ՝ որոշումը կայացվել է՝ չնայած դատարանին ներկայացված բժշկական փաստաթղթերին, որոնք հավաստում են, որ Խաչատրյաններն արտերկրում անցնում են կարճատև բուժում, և նրանց թռիչքն արգելված է։
Փաստաբանները միջնորդել էին նիստը հետաձգել 5 օրով՝ մինչև հուլիսի 6-ին ուժի մեջ մտնեին Քրեական դատավարության օրենսգրքի նոր փոփոխությունները, որոնք թույլ են տալիս գործը քննել մեղադրյալների բացակայությամբ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
Պաշտպանների խումբը նշում է, որ Խաչատրյանների ընտանիքի նկատմամբ հետապնդումը նոր թափ է ստացել ԱԺ ընտրություններից 2 օր առաջ, ինչը հաջորդել է իշխանությունների նախընտրական հռետորաբանությանը։ Մասնավորապես, հունիսի 5-ին ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների բնակարան՝ ձերբակալելու նրանց 2010 թվականի մի դրվագով, որի շուրջ դեռևս 2019-ին քննություն էր իրականացվել և հանցակազմ չէր հայտնաբերվել։
Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ հունիսի 12-ին հետախուզում էր հայտարարվել՝ Բրյուսովի համալսարանին պատկանող՝ 208,9 մլն դրամ արժողությամբ գույքի օտարման գործով։
Թարմացված է՝ 03.07.2026 | 14:20
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



