Տեղական ինքնակառավարման մասին օրենքի նոր նախագծով ավտովթարի մասնակիցների համար պարտավորություն և տույժ է սահմանվել։
Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ նախագիծը վթարների հետևանքով առաջացած խցանումները նվազեցնելու նպատակ ունի։ Նա տեղեկացրել է, որ նախագիծն Ազգային ժողովում դեռ քննարկման փուլում է։
Ավինյանը մանրամասնել է, որ ավտովթարների մասնակիցները նախագծի ընդունման դեպքում պարտավոր կլինեն 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը։
«15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում վթարի յուրաքանչյուր մասնակցի համար նախատեսվում է 30 000 դրամ տուգանք»,- հավելել է Ավինյանը։
Նա ընդգծել է, որ բացառություն կլինեն դեպքերը, երբ վթարի մասնակիցները մարմնական վնասվածքներ կունենան կամ մեքենան կվնասվի այն աստիճանի, երբ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի:
Ավինյանն օրինագծի մասին խոսելիս՝ օրինակ է բերել վթարը, որը տեսել է երթևեկելիս։
««Ռոսիա» կինոթատրոն մոտ երկու ավտոմեքենա թեթև հարվածից հետո ամբողջությամբ փակել էին ճանակապարհը, իսկ ավտոբուսը չէր կարողանում անցնել։ Խցանումը մոտավորապես շարունակվում էր մինչև Հերացի փողոց»,- նշել է քաղաքապետը։
Կարդացեք նաև՝
Աշխարհի լավագույն մասնագետներն են մշակում Երևանի բեռնաթափման մեր ծրագիրը. Կարապետյան
Երևանցիների 82%-ը կարծում է, որ 2025-ին խցանումներն ավելացել են. Gallup
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







