Աշխարհի լավագույն մասնագետներից մեկն աշխատում է Երևանի տրանսպորտի բեռնաթափման ծրագրի վրա, Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Երևանում խցանումների հարցը շատ լուրջ է, սակայն Երևանն աշխարհի ամենամեծ քաղաքը չէ, և այդ խնդիրը հնարավոր է հեշտությամբ լուծել, նշել է Կարապետյանը։
Քաղաքական գործիչը տրասնպորտային համակարգի բարեփոխման վերաբերյալ իրենց ուժի ծրագրի այլ մանրամասներ չի ցանկացել բացահայատել, միայն նշել է, որ Երևանի բեռնաթափման ծրագիրը պետք է լինի գործնական և ունենա տնտեսական հիմնավորում, որպեսզի պետությունը միջոցներ ներդնի։
ԶԼՄ-ները մայիսի 19-ին գրել էին, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը նախաձեռնել է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման լայնածավալ ծրագիր, որը ներառում է մայրաքաղաքի շուրջ նոր շրջանաձև ճանապարհի կառուցում, մետրոպոլիտենի ցանցի ընդլայնում՝ 9 նոր կայարանով, և անցում էլեկտրական ավտոբուսների։ Ըստ մամուլի՝ ծրագրով կբացառվի տրանսպորտի սակագնի բարձրացումը, միևնույն ժամանակ՝ նախատեսվելու են արտոնություններ սոցիալական տարբեր խմբերի համար։
































