Նիդերլանդական «Կանանց իրավունքների կոլեկտիվ» ոչ կառավարական կազմակերպությունն սկսել է պատրաստել խմբային հայց Առողջապահության նախարարության դեմ՝ արգանդի վզիկի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագրին մասնակցող 940 000 կանանց անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Hart van Nederland պորտալին։
Կազմակերպության տվյալներով՝ եթե հայցն ընդունվի, ապա որպես պատասխանողներ՝ հանդես կգան ինչպես «Կլինիկական ախտորոշման» բժշկական լաբորատորիան, որտեղից տեղի է ունեցել արտահոսքը, այնպես էլ Առողջապահության նախարարությունը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ մտադիր է փոխհատուցում պահանջել տուժածների համար և օգնել կանանց որոշել, թե ի՞նչ անձնական տվյալներ են գողացվել և ի՞նչ ռիսկեր կարող են դրանք ներկայացնել։
Նախաձեռնությունն սկսվել է Առողջապահության և երիտասարդության հարցերի տեսչության (IGJ) կողմից անցկացված հետաքննության արդյունքներից հետո։ Մայիսին գերատեսչությունը եզրակացրել էր, որ լաբորատորիան չի կարողացել բավարար կերպով պաշտպանել հիվանդների գաղտնի տեղեկատվությունը։ Արդյունքում՝ հաքերները հասանելիություն են ստացել արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային ծրագրին մասնակցող գրեթե մեկ միլիոն կանանց բժշկական տվյալներին։
Վիճակագրության համաձայն՝ միջադեպի հետևանքներն արդեն ազդել են կանխարգելիչ առողջապահական զննումների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի վրա: Լաբորատոր տվյալների արտահոսքից հետո անցկացված հարցումների համաձայն՝ միջին հաշվով երկրի բնակիչների մեկ երրորդից ավելին կասկածում է, թե արդյոք ապագայում կմասնակցե՞ն զանգվածային առողջապահական զննումների:
Նշվում է, որ ավելի քան 70 000 կին մտադրություն է հայտնել խմբային հայց ներկայացնել լաբորատորիայի դեմ՝ մեղադրելով գաղտնի տվյալների անբավարար պաշտպանության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







