Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակություններն ավարտել են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը, X-ում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
Նրա խոսքով՝ դրանք կվերսկսվեն հինգշաբթի՝ փետրվարի 5-ին։ Ռուսական պատվիրակությունը կրկին գլխավորել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։
Ուկրաինական պատվիրակության կազմում էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսանդր Բևզը, գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գնատովը։
Հանդիպումը նախատեսված էր երկկողմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Ավելի ուշ Axios-ը հաղորդել է, որ Վաշինգտոնի անունից բանակցություններին կմասնակցի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը։ Մասնակցել են նաև ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում։ Կողմերը բանակցությունները բնութագրել են որպես կառուցողական։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունների ամենադժվար հարցը տարածքային խնդիրն է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասն անվանել է Ռուսաստանի «պատմական տարածք», որը պատրաստ է վերադարձնել ռազմական կամ այլ միջոցներով։ Կիևը հրաժարվում է տարածքային զիջումների գնալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







