Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով լքել Իրանը:
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշված է, որ Իրանի ամբողջ տարածքում բողոքի ցույցերը սրվում են և կարող են վերածվել բռնության՝ հանգեցնելով ձերբակալությունների և վիրավորների։
«Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, ճանապարհների փակումը, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի արգելափակումը։ Իրանի կառավարությունը սահմանափակել է բջջային, ֆիքսված հեռախոսակապի և ազգային ինտերնետ ցանցերի հասանելիությունը։ Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել Իրանից և Իրան ուղևորվող չվերթերը, որոնցից մի քանիսը ծառայությունը կասեցրել են մինչև ուրբաթ՝ հունվարի 16-ը»,- նշել է Պետդեպը:
Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել օգտվել Հայաստանի հետ Ագարակ/Նորդուզ ցամաքային սահմանից, Իրանի հետ Թուրքիայի ցամաքային սահմանային անցակետեից (Գյուրբուլաք/Բազարգան, Կափըքյոյ/Ռազի և Էսենդերե/Սերով), Թուրքմենստանի ցամաքային սահմաններից, սակայն ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ է Թուրքմենստանի կառավարության հատուկ թույլտվություն սահմանին մոտենալուց առաջ։ Այդ թույլտվությունը պետք է ապահովի Աշխաբադում ԱՄՆ դեսպանությունը։
ԱՄՆ-ն հիշեցրել է իր քաղաքացիներին, որ 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ժամանակ Իրանից Ադրբեջան մուտքն ԱՄՆ քաղաքացիների համար սահմանափակվել էր։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվել ուղևորվել Աֆղանստան, Իրաք կամ Պակիստան-Իրան սահմանային շրջան։
ԱՄՆ կառավարությունը դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի։ ԱՄՆ շահերն Իրանում ներկայացնում է Շվեյցարիայի կառավարությունը՝ Թեհրանում իր դեսպանության միջոցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







