Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մինչև ժամկետի ավարտը պաշտոնավարելու մտադրության մասին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ես կաշխատեմ մինչև վերջին վայրկյանը՝ ամեն օր փորձելով կատարել Ֆրանսիայի քաղաքացիների կողմից ինձ վստահված մանդատը»,- ասել է Մակրոնն իր համաքաղաքացիներին ուղղված ամանորյա ուղերձում։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ չի առաջադրվի առաջիկա ընտրություններում։
«2026 թվականի վերջին, երբ ժամանակը գա, աստիճանաբար կսկսվի 2027 թվականի նախագահական քարոզարշավը՝ տասը տարվա ընթացքում առաջինը, որին ես չեմ մասնակցի»,- հայտարարել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ մտադիր է «անել ամեն ինչ, որպեսզի նախագահական ընտրություններն անցկացվեն հնարավորինս հանգիստ, առանց որևէ արտաքին միջամտության»։
Խոսելով գալիք տարվա մարտահրավերների մասին՝ Մակրոնը նաև հայտնել է, որ «հունվարի առաջին շաբաթվա ընթացքում կառավարությունը և խորհրդարանը պետք է համաձայնության գան պետական բյուջեն հաստատելու հարցում»։
Մակրոնը նախագահ է 2017 թվականից։ Ֆրանսիայի սահմանադրության համաձայն՝ նա չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







