Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նպատակահարմար է համարում կրկին բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու ուղիներ գտնելու ԱՄՆ-ի ջանքերի ֆոնին, հայտնում է Le Figaro-ն՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով։
Մակրոնը նշել է, որ «կրկին իմաստալից է դառնում Պուտինի հետ խոսելը»: Հայտարարությունը հնչել է, երբ Եվրամիությունը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնեցրել է 90 մլրդ եվրոյի հատկացումը Կիևին աջակցելու համար:
Ֆրանսիայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք համաշխարհային առաջնորդներ արդեն կապեր են պահպանում Ռուսաստանի ղեկավարության հետ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերսկսել է երկխոսությունը Մոսկվայի հետ: Մակրոնի կարծիքով՝ եվրոպացիների և ուկրաինացիների համար կարևոր է ընդհանուր ձևաչափ մշակել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու համար, որպեսզի հնարավոր բանակցային գործընթացից անմասն չմնան:
Ելիսեյան պալատի ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս շարունակվում է դիվանագիտական ցիկլը, որը կարող է հանգեցնել կա՛մ «ամուր և կայուն խաղաղության՝ անհրաժեշտ երաշխիքներով», կա՛մ Եվրոպայից կպահանջի առաջիկա շաբաթներին ուղիներ փնտրել Ռուսաստանի հետ «լիարժեք և թափանցիկ երկխոսությունը» վերսկսելու համար:
Մակրոնն ու Պուտինը վերջին անգամ շփվել էին հուլիսի սկզբին՝ հիմնականում քննարկելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական ջանքերը՝ միաժամանակ հաստատելով Ուկրաինայի հարցում լուրջ տարաձայնություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







