Իսրայելը նոր ներխուժում է իրականացրել Սիրիայի տարածք, ինչի հետևանքով, Aljazeera-ի տվյալներով, առնվազն 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ:
Կա 25 վիրավոր: Նշվում է, որ բախումների ընթացքում մի քանի իսրայելցի զինվոր է վիրավորվել։
Սիրիական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելի կողմից իրականացված առավոտյան հարձակման և հրթիռակոծման պատճառով տասնյակ ընտանիքներ ստիպված էին փախչել Բեյթ Ջին քաղաքից դեպի ավելի ապահով տարածքներ։
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով «Բեյթ Ջինում իսրայելական օկուպացիոն բանակի պարեկախմբի իրականացրած հանցագործ հարձակումը»։
Տեղի ԶԼՄ-ները փոխանցում են, որ իսրայելական անօդաչուները շարունակում են թռչել այդ շրջանի երկնքում։ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ իրենց թիմերը չեն կարողանում մուտք գործել Բեյթ Ջին՝ վիրավորներին փրկելու համար, քանի որ իսրայելական բանակը շարունակում է թիրախավորել ցանկացած շարժ։
Իսրայելական ներխուժումները Սիրիայի հարավում դարձել են ավելի հաճախակի՝ 2024 թվականի դեկտեմբերին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից և Իսրայելի կողմից տարածքի ընդլայնված օկուպացիայից ի վեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







