Ռուսաստանի Կրասնոգորսկ քաղաքի «Զմրուխտե բլուրներ» թաղամասում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱԹՍ-ն խոցել է 14-րդ հարկի բնակարաններից մեկը»,- մանրամասնել է նա։
Տուժածներից երեք մեծահասակ տեղափոխվել է Կրասնոգորսկի քաղաքային թիվ 1 հիվանդանոց, երեխան ևս հոսպիտալացվել է: Բակում ընկած են անօդաչուի բեկորներ և շենքի պատերի ծեփեր, կոտրված ապակիներ։ Մի քանի ավտոմեքենա նույնպես վնասվել է։
Հրշեջների ժամանումից առաջ ինքնուրույն տարհանվել է շուրջ 70 մարդ։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։
Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինացի զինյալներն ամեն օր հարձակվում են սահմանամերձ շրջանների քաղաքացիական օբյեկտների վրա։ Ուկրաինական կողմը չի մեկնաբանել այս պնդումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







