Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կքննարկեն երկկողմ հարաբերությունները, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունենում, խոսում է երկու առաջնորդների մտադրության մասին՝ քննարկել բոլոր հրատապ հարցերը»,- ասել է նա և հավելել, որ ռուսական կողմը դրական է տրամադրված։
Հոկտեմբերի 8-ին Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստան՝ մասնակցելու Կենտրոնական Ասիա-Ռուսաստան երկրորդ գագաթնաժողովին և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Հոկտեմբերի 7-ին Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել, որը Պեսկովը կարևոր էր անվանել։ Երկու առաջնորդները զրուցել էին սեպտեմբերի 3-ին՝ Պեկինում։ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կան խնդիրներ, բայց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման փոխադարձ շահագրգռվածությունն «ամեն ինչ իր տեղը կդնի»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







