ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքական համակարգի այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնք կներառեն քաղաքական կուսակցությունների թափանցիկության ավելի խիստ պահանջներ:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա նշել է, որ ժողովրդավարական և թափանցիկ չափանիշներին չհամապատասխանող կուսակցությունները կարող են զրկվել ընտրություններին մասնակցելուց։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրում կուսակցական մարմինների մոտավորապես 90%-ը ձևավորվում է անհատների փոքր շրջանակի կողմից, ինչը հակասում է ժողովրդավարական համակարգի սկզբունքներին: Ըստ նրա՝ ՔՊ թափանցիկությունը հաճախ օգտագործվում է հենց կուսակցության դեմ:
«Իշխանությունները պետք է գտնեն ժողովրդավարական մեխանիզմներ, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք գործում են մեր երկրում, նույնպես համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին։ Եվ դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջացնել։ Կոնսպիրատիվ կառույցները ինչո՞ւ պետք է մասնակցեն ընտրությանը։ Թող գնան զբաղվեն կոնսպիրացիայով, մենք էլ բացահայտենք իրենց»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ համակարգը պետք է լինի հնարավորինս թափանցիկ։ Նա, որպես օրինակ, բերել է կուսակցության գործունեությունը և ՔՊ հիմնադրամի դրամահավաքի ջանքերը, որտեղ, վարչապետի խոսքով, ուշադրություն է դարձվում միայն մանրամասներին։
«Մեր թափանցիկությունն օգտագործվում է մեր դեմ. ես ԵԽԽՎ-ում մի քանի օրինակ բերեցի, բայց սա էլ է այն դեպքը, որ ժողովրդավարությունն օգտագործվել է ժողովրդավարության դեմ»,- հավելել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






