Գազա քաղաքի և նրա շրջակայքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի, ևս 265 մարդ վիրավորվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
Տեղի քաղաքացիական պաշտպանության պաշտոնյան Al Jazeera-ին ասել է, որ այսօր առավոտյան քաղաքի արևելքում գտնվող Հաջար փողոցում փլուզված շենքի փլատակներից դուրս է բերվել հինգ զոհի մարմին։ Նրա խոսքով՝ փլատակներում մնում է ևս 13 մարդու մարմին։ Օդային հարվածները թիրախավորել են Գազայի արևմտյան մասում գտնվող ալ-Շատի շրջանի տեղահանվածների ճամբարը, որի հետևանքով զոհվել է չորս մարդ։
Իսրայելական հրետանին այժմ հրետակոծում է պաղեստինյան անկլավի կենտրոնում գտնվող Նուսեյրաթի փախստականների ճամբարը, որտեղ, ըստ տեղեկությունների, զոհվել է ինը մարդ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 65 926-ի, ավելի քան 167 000 մարդ վիրավորվել է։
Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Գազայի հարցի շուրջ Մերձավոր Արևելքի երկրների հետ արդեն 4 օր շարունակվող բանակցությունների մասին։ Թրամփը պնդել էր, որ բանակցությունները կշարունակվեն այնքան, մինչև հասնեն համաձայնագրի կնքմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







