Հաջորդ շաբաթ Բաքվում կանցկացվի հանդիպում Սիրիայի և Իսրայելի միջև, կքննարկվի Իսրայելի կողմից առաջարկված անվտանգության համաձայնագիրը, հայտնում է Skynewsarabia-ն:
Ամերիկյան Axios լրատվականին հղում անելով՝ ԶԼՄ-ն գրում է, որ Իսրայելի՝ Սիրիային ներկայացրած անվտանգության նոր համաձայնագրի առաջարկի հիմքը կդառնա 1979թ․ Իսրայելի և Եգիպտոսի խաղաղության համաձայնագիրը։
«Իսրայելը Սիրիային ներկայացրել է նոր անվտանգության համաձայնագրի մանրամասն առաջարկ՝ տարածքի քարտեզով՝ Դամասկոսի հարավ-արևմուտքից Իսրայելի սահմաններին»,- նշված է հրապարակման մեջ:
Առաջարկի համաձայն՝ Դամասկոսի հարավ-արևմուտքում տարածքը կբաժանվի երեք գոտու, և սիրիական կողմը կկարողանա պահպանել այդ գոտիներում տարբեր ուժերի և զինտեխնիկայի մակարդակներ։ Իսրայելական կողմն առաջարկում է աստիճանաբար դուրս բերել իր զորքերը սիրիական տարածքից՝ բացառությամբ ռազմավարական կարևոր Հերմոն լեռան գագաթի։
«Բացի այդ, առաջարկի կարևոր կետերից է Իրանի օդային միջանցքի պահպանությունը Սիրիայի միջոցով, որն ապագայում թույլ կտա Իսրայելին հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը»,- գրել է Axios-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







