ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ ԱՄՆ-ն ստացել է 10% բաժնետոմս Intel ընկերությունում։
«Ես այս գործարքը պայմանավորվել եմ Լիփ-Բու Թանի հետ, ով ընկերության գլխավոր տնօրենն է։ ԱՄՆ-ն ոչ մի բան չի վճարել այդ բաժնետոմսերի համար, իսկ այժմ դրանք գնահատվում են մոտ 11 միլիարդ դոլար»,- գրել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ Intel-ի գործունեությունը չիպերի և կիսահաղորդիչների արտադրության ոլորտում ունի հիմնարար նշանակություն ԱՄՆ-ի ապագայի համար։
«Սա մեծ գործարք է Ամերիկայի համար և Intel-ի համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Թանն Intel-ի գլխավոր տնօրեն է դարձել 2025 թվականի մարտին։ Մինչ այդ նա ղեկավարում էր Cadence Design Systems ընկերությունը, որն ապահովում է էլեկտրոնային սարքերի նախագծման ավտոմատացման ծրագրեր։ Պաշտոնն ստանձնելուց հետո Թանը հայտարարել է մասշտաբային վերակազմավորման մասին՝ Intel-ի ֆինանսական վիճակը և մրցունակությունը բարելավելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







