Աֆղանստանի արևմուտքում վթարի է ենթարկվել Իրանից արտաքսված աֆղանստանցի միգրանտներ տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 79 մարդ, այդ թվում՝ 17 երեխա, գրում է BBC-ն։
Նշվում է, որ Քաբուլ ուղևորվող ավտոբուսը երեքշաբթի երեկոյան հրդեհվել է՝ Հերաթ նահանգում բեռնատարի և մոտոցիկլետի հետ բախվելուց հետո։
Ավտոբուսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են, ինչպես նաև մյուս մեքենաներից երկու անձ։
Վերջին ամիսներին Իրանն ակտիվացրել է աֆղանստանցի ապօրինի միգրանտների արտաքսումը, որոնք փախել էին իրենց հայրենիքում տեղի ունեցած հակամարտությունից։
«Բոլոր ուղևորները միգրանտներ էին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի «չափազանց արագության և անփութության» պատճառով։
1970-ական թվականներից ի վեր միլիոնավոր աֆղանստանցիներ փախել են Իրան և Պակիստան։
Իրանն ավելի վաղ մինչև հուլիսի վերջ ժամանակ էր տվել երկրում անօրինական կերպով բնակվող աֆղանստանցիներին՝ կամավոր մեկնելու համար։
ՄԱԿ-ի փախստականների գործակալության տվյալներով՝ հունվարից ի վեր Իրանից հեռացել է ավելի քան 1,5 միլիոն աֆղանստանցի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







