Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին երեքշաբթի Փարիզում հանդիպել է իսրայելական պատվիրակությանը՝ քննարկելու տարածաշրջանում և Սիրիայի հարավում կայունությունն ամրապնդելու հարցը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի պետական SANA գործակալությանը։
Սիրիացի և իսրայելցի պաշտոնյաներն արդեն երկրորդն անգամն են հանդիպում՝ Սիրիայի հարավում հակամարտությունը թուլացնելու և երկրի ներքին գործերին չմիջամտելու նպատակով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Իսրայելի և Սիրիայի միջև 1974թ․ ստորագրված զորքերի բաժանման մասին համաձայնագրի գործարկման հարցին: Այդ համաձայնագրով էր ՄԱԿ-ի միջնորդությամբ ստեղծվել բուֆերային գոտի Գոլանի բարձունքներում։
Նախորդ ամիս Սիրիայի հարավի Սվեյդա նահանգում դրուզական մարտիկների, սուննի բեդվին ցեղերի և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ էին զոհվել։ Իսրայելն օդային հարվածներ էր հասցրել՝ «դրուզների զանգվածային սպանությունները կանխելու նպատակով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







