Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում Իսրայելի հետ միջնորդների կողմից առաջարկված հրադադարի առաջարկին, հայտնում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ առաջարկը նախատեսում է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների 60-օրյա դադարեցում, տեղում պահվող պատանդների կեսի ազատ արձակում և սահմանում է հակամարտության ավարտին ուղղված համապարփակ համաձայնագրի շրջանակ: Իսրայելը նաև ազատ կարձակի որոշ պաղեստինցի բանտարկյալների:
Բանակցություններին ծանոթ աղբյուրը նաև նշել է, որ առաջարկը մեծ մասամբ կրկնում է նախորդ ծրագիրը, որը ներկայացրել էր ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ընդունվել էր Իսրայելի կողմից: Կողմերի միջև բանակցությունների միջնորդ են Եգիպտոսը և Կատարը:
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ խմբավորումը մերժել է իր առաջնորդներին զինաթափելու կամ Գազայից վտարելու վերաբերյալ Իսրայելի պահանջները: Նշվում է, որ Իսրայելը դեռևս չի արձագանքել ՀԱՄԱՍ-ի առաջարկին:
Գազայի հատվածում պատերազմը սկսվել էր Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից կազմակերպված հարձակումից հետո: Իսրայելի իշխանությունները հայտնել էին, որ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է մոտ 1200 մարդ, ավելի քան 240-ը պատանդ են վերցվել։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայում մնում է մոտ 50 պատանդ, որոնցից մոտ 20-ը կենդանի են։ Գազայում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 61,000-ը։ Պաղեստինյան կողմը նաև հայտնում է 263 մարդու սովամահ լինելու մասին, որոնցից 112-ը՝ երեխաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







