Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին անդրադարձել է Վագիշնգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերին ու նշել, որ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով», գրում է Mehr գործակալությունը։
Նրա խոսքերով՝ փոփոխությունը «դրական և ողջամիտ է», քանի որ այն և՛ պաշտպանում է ինքնիշխանությունը, և՛ թույլ է տալիս տնտեսական համագործակցություն։
«Իրանը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության նվազեցմանը և կայունության ստեղծմանը։ Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,- գրել է Մոհաջերանին։
Նա ընդգծել է Թեհրանի երեք անսասան սկզբունքները՝ երկրների լիակատար ինքնիշխանության պահպանումը իրենց տարածքների նկատմամբ, բոլոր պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունը և միջազգային սահմանների ցանկացած փոփոխության նկատմամբ վճռական դիմադրությունը՝ հավելելով, որ Բաքվի և Երևանի վերջին համատեղ հայտարարությունը հաշվի է առել այդ սկզբունքները։
Այնուամենայնիվ, խոսնակը զգուշացրել է, որ տարածաշրջանից դուրս ուժերի կամ խաղացողների մուտքը Կովկասի հավասարումների մեջ «կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ խաղաղության և կայունության համար»։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրավիճակը դեռ ամբողջությամբ պարզ չէ, սակայն տեղի ունեցածը տարբերվում է սկզբնական ծրագրերից և փոխել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Կողմերը նախաստորագրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ուղերձով:
Օգոստոսի 10-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Սյունիքով անցնող միջանցքի նախագիծը, որը համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, հաշվի է առնում Թեհրանի հիմնական պահանջները։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր, որ տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն կարող է բացասաբար անդրադառնալ խաղաղության և կայունության վրա, բայց ընդհանուր առմամբ, ողջունել է համաձայնագրի ստորագրումը:
Մինչ այդ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը կխոչընդոտի ամերիկյան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը, ըստ նրա, կհանգեցնի Հայաստանի «քայքայմանը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



