ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանը հայտնել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների և հետագա աշխատանքների մասին:
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ վաշինգտոնյան հռչակագրում արտացոլված է այն, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳ նախարարը Արաղչիին նաև շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Իրանի միջև առաջիկա խորհրդակցությունների և բարձրաստիճան շփումների նախապատրաստման շուրջ: Վաղը՝ օգոստոսի 12-ին, ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը կայցելի Իսլամական Հանրապետություն:
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո:
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը։ Նույն օրը Հայաստանն Ադրբեջանի հետ համատեղ դիմում էր հղել ԵԱՀԿ-ին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը (ՄԽ) լուծարելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







