Հայ դիվանագետների համահայկական խորհուրդն ու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հանդես են եկել առանձին հայտարարություններով, որոնցում քննադատել են Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները: Հայ դիվանագետների համահայկակական խորհուրդը հայտարարել է, որ Երևանին ու Բաքվին ԱՄՆ նախագահի առաջարկած նախագիծը լի է վտանգներով։
«Այսպես կոչված TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ) նախաձեռնությունը պարունակում է դրույթներ, որոնք լրջորեն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը՝ կենսական ենթակառուցվածքները և տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրյա դերակատարների ազդեցության տակ։ Այս պայմանավորվածությունը վտանգում է ստեղծել նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր և կարող է առաջիկայում հանգեցնել նոր առճակատման ու բախման»,- ասված է հայտարարության մեջ։
Խորհուրդը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և պետության երկարաժամկետ կենսունակության վերաբերյալ ունեցած մտահոգությունների մասին։ Դիվանագիտների համահայկական խորհուրդը զգուշացրել է, որ «գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թե խաղաղության համար, այլ խթանել մշտական անկայունությունն և Հայաստանի ինքնիշխանության շարունակական քայքայումը»:
Նրանք խաբուսիկ են համարել պնդումը, թե վերացվում է Հայաստանի շրջափակումը։
«Փոխանակ փոխադարձ և ինքնիշխան մուտք ապահովելու, ստորագրված փաստաթուղթն ինստիտուցիոնալացնում է ասիմետրիկ երթուղիները և «միջանցքային տրամաբանությունը», որոնք նպաստում են Ադրբեջանի շահերին, բայց զուգահեռաբար ու համաչափորեն խորացնում են Հայաստանի տնտեսական և անվտանգային խոցելիությունը։ Ավելին, այս գործարքը սպառնում է ոչ միայն Հայաստանի, այլև այն հիմնական տարածաշրջանային տերությունների շահերին, որոնք արդեն իսկ արտահայտել են իրենց վերապահումները»,- նշել են խորհրդում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման, իր հերթին, հայտարարել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը:
«Մենք հատկապես ափսոսանքով ենք արձանագրում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի ստորագրումը, որը միակողմանի և անարդարացի կերպով նպատակ ունի վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ճանաչում ստացած ձևաչափը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ-ին դիմակայել այս քայլին։ Նույնքան մտահոգիչ է Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի շրջանցումը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս անօրինական պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցի չարծարծումը», — ասված է հայտարարության մեջ։
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






