Մի քանի հնդիկ մանկաբարձուհիներ խոստովանել են, որ ծնողների խնդրանքով սպանել են նորածին աղջիկ երեխաների, քանի որ նրանք տղա երեխա էին ուզում, հայտնում է BBC-ն։
Սպանությունները տեղի էին ունեցել դեռևս 1990-ականներին։ Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, որոնց վկայակոչում է BBC-ն, միայն հնդկական Քաթիհար քաղաքում և նրա արվարձաններում ամեն տարի սպանվում է ավելի քան հազար նորածին աղջիկ։ Բայց այս պրակտիկան տարածված է ողջ երկրում, և սպանությունների ճշգրիտ թիվը հնարավոր չէ պարզել։
Հակիա Դևի անունով մանկաբարձուհիներից մեկը խոստովանել է, որ սպանել է 12-13 երեխայի, մյուսը՝ Դհարմի Դևին, խոսել է իր կատարած 15-20 սպանությունների մասին։
«Ընտանիքը կողպել է սենյակը և փայտերով կանգնել մեր հետևում։ Մենք արդեն 4-5 աղջիկ ունենք, երբ մեր աղջիկներին օժիտ տանք, սովից կմեռնենք»,- պատմել է Հակիան։
Հնդկաստանում սովորություն կա աղջիկներին օժիտ նվիրել։ Այն արգելվել էր դեռևս 1961 թվականին, սակայն ակտիվորեն կիրառվում էր 1990-ականներին։
Նորածինների սպանությունը հնարավոր է դարձել կասեցնել մասամբ սոցիալական աշխատող Անիլա Կումարիի շնորհիվ, ով աղջիկներին ուղարկում էր Բիհարի մայրաքաղաք Պատնա։ Այնտեղ երեխաների որդեգրմամբ զբաղվել են հատուկ կազմակերպություններ, իսկ փրկված աղջիկներին անուններից առաջ ավելացրել են «Կոշի» նախածանցը։
Երեխաների սպանության մասին հաղորդումներն այժմ հազվադեպ են Հնդկաստանում, սակայն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են տարածված մնալ երկրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







