ԱՄՆ-ը կործանիչ էսկադրիլիա և ավիակիր կտեղափոխի Մերձավոր Արևելք՝ օգնելու Իսրայելին պաշտպանվել Իրանի և նրա վստահված անձանց կողմից հնարավոր հարձակումներից, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Պենտագոնին։
Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նաև պատվիրել է հավելյալ բալիստիկ հրթիռային պաշտպանություն կրող հածանավեր և կործանիչներ տեղափոխել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններ և քայլեր է ձեռնարկում այնտեղ ավելի շատ ցամաքային բալիստիկ հրթիռային պաշտպանության համակարգ ուղարկելու համար:
Ըստ պարբերականի՝ դրանով նախագահ Ջո Բայդենը կատարում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տված խոստումը: Օգոստոսի 1-ին հեռախոսազրույցում Բայդենը քննարկել էր ԱՄՆ նոր ռազմական տեղակայումները՝ բալիստիկ հրթիռներից և անօդաչու սարքերից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար: Ապրիլին ԱՄՆ-ի ուժերը չեզոքացրել էին Իրանի կողմից Իսրայելի դեմ արձակված տասնյակ հրթիռները և անօդաչու թռչող սարքերը:
Հուլիսի 31-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերը, որին մեղադրում էին հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր բնակավայրի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս:
Հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում իրենց նստավայրի գնդակոծության հետևանքով: Հանիան Թեհրան էր ժամանել Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: ՀԱՄԱՍ-ում հաստատել են, որ Հանիան սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։ Հանիայի մահից հետո Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի գմբեթի վրա վրեժխնդրության կարմիր դրոշ էին բարձրացրել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հանիայի մահից հետո հայտարարել էր, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և ահաբեկիչներին կստիպի զղջալ արարքի համար։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







