Իսրայելը Լիբանանից պահանջել է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը, որի համաձայն՝ «Հեզբոլլահի» զինված ուժերը պետք է դուրս բերվեն Լիտանի գետից հարավ ընկած հատվածից, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ-ին։
Նշվում էր, որ գերատեսշության հայտարարությունն արվել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների Մաջդալ-Շամս բնակավայրի ֆուտբոլի դաշտին հասցված հարվածից հետո։ Հրթիռային հարվածի հետևանքով մահացել է 12 անձ, որոնց մեծ մասը երեխաներ ու պատանիներ են։ Լիբանանի իշխանությունները դատապարտել են հրթիռային հարվածը։
«Հեզբոլլահի» ներկայացուցիչները ավելի վաղ հայտարարել էին, որ ֆուտբոլի դաշտ է ընկել իսրայելական ՀՕԿ-ի հակահրթիռը։ Դրան ի պատասխան Իսրայելի ԱԳ նախարար Օրեն Մարմորշտեյնն ասել է, որ նախօրեին Լիբանանի տարածքից Մաջդալ-Շամս բնակավայրի վրա բաց թողնված հրթիռը ունեցել է իրանական ծագում, իսկ «Հեզբոլլահը» միակ խմբավորումն է, որն իր արսենալում նման հրթիռներ ունի։
«Աշխարհի համար միակ ճանապարհը՝ կանխելու լայնածավալ պատերազմը, որը կործանարար կլինի Լիբանանի համար, «Հեզբոլլահ»-ին ստիպել կատարելն է ՄԱԿ-ի ԱԽ-ի 1701 բանաձևի պայմանները», — գրել է Մարմորշտեյնը X սոցիալական ցանցում: Նա նշել է, որ «հիմա վերջին րոպեներն են մնացել, երբ դա դեռ կարելի է անել դիվանագիտական ճանապարհով»։
ՄԱԿ ԱԽ-ի 1701 բանաձևը կոչ է անում դադարեցնել Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ռազմական գործողությունները։ Փաստաթուղթը Լիբանանին կոչ է անում իրականացնել «Հեզբոլլահի» զինաթափման ընթացքի կառավարական վերահսկողություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







