Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ոստիկանությունը թույլ չտվեց շարունակել երթը Դեմիրճյան փողոցով։ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո նա կոչ էր արել մասնակիցներին երթով շարժվել Ամիրյան փողոցով, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով։
Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի շենքի մոտ, որոնց թվում են հատուկ նշանակության ջոկատներ։ Նրանք հայտարարել են, որ չեն կարող թույլ տալ երթի մասնակիցներին շարունակել շարժվել Դեմիրճյան փողոցով՝ վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածը։
Տեղում է նաև ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ով չի բացառել հատուկ միջոցներ կիրառելը․ «Ըստ իրավիճակի, ոչինչ չենք բացառում, եթե խաղաղ լինի, ինչո՞ւ պետք է կիրառենք»,- ասել է նա։
Գալստանյանն անօրինական է անվանել նման պահանջը։ «Եթե ուզում եք մեզ վախեցնել, պարոն գեներալ, սխալվում եք։ Ո՛չ դուք, ո՛չ ուրիշ մեկը չի կարող ինձ վախեցնել»,- դիմելով ոստիկանապետին՝ ասել է Գալստանյանը։
Նա ընդգծել է, որ երթն «ապօրինի է կասեցվել, իսկ ոստիկանապետը փորձում է բորբոքել իրավիճակը։ «Եթե ուզում եք կարմիր բերետներով ահ ու սարսափ տարածել, ապա մեր ժողովուրդը վախեցող չէ»,- ասել է շարժման առաջնորդը։
Նա հայտարարել է, որ մնալու են Բաղրամյան փողոցում։ «Այստեղից տեղ չենք գնալու, սիրելի հայրենակիցներ, եկեք, հավաքվենք այստեղ՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում: Մենք մնալու ենք այստեղ»,- հայտարարել է Գալստանյանը։
Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները վուվուզելներ են փչում և վանկարկում՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված»։ Նրանք բողոքում են ոստիկանների կողմից Դեմիրճյան փողոցով երթը չթույլատրելու դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







