ԱՄՆ-ն խորհրդատուներ է ուղարկում Հայաստանի պաշտպանության նախարարություն, հայտնում է «Ռիա նովոստին»՝ հղում անելով ֆրանսիական Intelligence Online-ին։
Նշվում է, որ խորհրդատուների նպատակն է մեծացնել այդ երկրների զինված ուժերի համապատասխանությունն ամերիկյան զինված ուժերին և հեռացնել ռուսական չափանիշներից։ Ըստ հրատարակության՝ Հայաստանից բացի ԱՄՆ-ն խորհրդատուներ է ուղարկել Մոլդովայի, Ուկրաինայի և Բալկանյան երկրների զինված ուժեր։
«Միացյալ Նահանգները տվյալ երկրների նախարարությունների խնդրանքով խորհրդատուներ է ուղարկում Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Բալկանյան երկրների պաշտպանության նախարարություններ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես գրում է հրատարակությունը, դրանով Վաշինգտոնն «ընդունում է պատասխանատվություն» այն երկրների գերատեսչությունների համար, որոնք «ցանկանում են լքել Մոսկվայի ուղեծիրը»։
Մայիսի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ էր արել 200 մլն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







