Հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին Լարսի հնարավոր փակման մասին խոսակցություններն Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանն անհիմն է համարում։
«Ես հիմա չեմ տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, թե ինչու պետք է Լարսը փակվի։ Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ աշխատանքային որևէ պատճառ չեմ տեսնում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պապոյանը։
Նախարարն իր առաջնահերթությունների թվում նշել է տնտեսության դիվերսիֆիկացումը՝ ի պատասխան Armenia Today-ի՝ նոր պաշտոնում իր առջև դրված խնդիրների մասին հարցին:
Ինչ վերաբերում է տնտեսական դիվերսիֆիկացիային, ըստ նախարարի՝ դա շարունակական գործընթաց է։ Նրա խոսքով՝ դիվերսիֆիկացիան մշտապես պետք է տեղի ունենա, և տնտեսության դիվերսիֆիկացումն այն իրավիճակը չէ, երբ մեկ խոշոր առևտրային գործընկերը փոխարինվում է մեկ այլով։
«Տնտեսական դիվերսիֆիկացիան այն է, երբ դու ունես մի քանի խոշոր և բազմաթիվ ավելի փոքր առևտրային գործընկերներ»,- հավելել է Պապոյանը։
Նախարարն ընդգծել է, որ դա երկրների միջև փոխադարձ գործընթաց է։
«Տնտեսության դիվերսիֆիկացումը, ի վերջո, մի գործընթաց է, որի արդյունքում պետք է Հայաստանը համաչափ կախված լինի աշխարհից, և աշխարհի երկրներն էլ իրենց չափով համաչափ կախված լինեն Հայաստանից»,- ասել է նա։
Մարտի 5-ին Պապոյանը նշանակվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին հրաժարական էր տվել։ Վերջինս փետրվարի 16-ից գտնվում է տնային կալանքի տակ՝ նախարարությունում գնումների գործընթացի հետ կապված չարաշահումների գործով, որին մասնակցել են «Սիներջի» ընկերությունն ու «Հարմոնիա» հիմնադրամը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







