«Կարին» հայ ավանդական երգի-պարի խումբը հայտնել է, որ Դոնի Ռոստովում և Սանկտ-Պետերբուրգում նախատեսված մենահամերգները կկայանան՝ չնայած խմբի hիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի վաղաժամ մահվան։
Խումբը նշել է, որ համերգները նվիրված են լինելու հայու տեսակ Գագիկ Գինոսյանի ասպետականությանը, ոգուն, ինչպես նաև նրա կողմից առաջ քաշված գաղափարների տարածմանը։
«Համերգները հանդիսանալու են Գագիկ Գինոսյանի նպատակների, գաղափարների և կիսատ մնացած գործերի նոր սկիզբ, որը մեզ բոլորիս համախմբելու է գերագույն գլխավոր նպատակի շուրջ՝ պարի միջոցով մեր ինքնությունն ու հայրենիքը ճանաչելու և, որպես հետևանք, տերը դառնալու մեր հայրենիքին և մեր ինքնությանը»,- նշվում է հայտարարության մեջ։
Հավելել են, որ դժվար օրեր են, և Գագիկ Գինոսյանի անժամանակ մահը ցնցել է բոլորին, սակայն չպետք է մոռանալ նրա սահմանած առաքելությունն ու նպատակը՝ Գագիկ Գինոսյանի արված աշխատանքը պետք է շարունակվի նաև հիմա։ Վստահ են՝ նա այդպես կցանկանար։
Գինոսյանը հանկարծամահ էր եղել փետրվարի 6-ին՝ սրտի կաթվածից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







