Դեկտեմբերի 21-ին Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, հայտնել է ՀՀ ՊՆ-ն:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն Ալիս Ռուֆոն։
Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, նաև համագործակցության օրակարգային հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ֆրանսիայից երեք ռադիոլոկացիոն կայան կգնի։ Երևանն ու Փարիզը նաև ապագայում զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուր են պայմանավորվել։
Նոյեմբերի 13-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է «Bastion» բազմանպատակային զրահամեքենաների խմբաքանակ՝ ռազմական օգնություն ցուցաբերելու շրջանակներում: Ավելի ուշ Վրաստանի Փոթիի նավահանգիստը կառավարող «APM Terminals Poti sudtverdili» ընկերությունը հաստատել էր ֆրանսիական «Bastion» տեսակի զինտեխնիկայի տարանցումը Հայաստան։
Դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատում խորհուրդ են տվել դիտարկել Հայաստանին Caesar հրետանային համակարգերի մատակարարումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







