ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է մինչև Նոր տարի ավարտել Գազայի հատվածում ռազմական գործողությունը, հայտնել է բրիտանական The Economist ամսագիրը՝ հղում անելով մի քանի անանուն աղբյուրների։
Հրատարակության տվյալներով՝ վերջերս Իսրայել կատարած այցի ժամանակ իր զրուցակիցներին նման ուղերձ է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Պարբերականը հայտնում է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Իսրայելից պահանջում է ավելին անել պաղեստինցի խաղաղ բնակիչների տառապանքը նվազեցնելու համար, հատկապես՝ Գազայի հատվածի հարավում։
The Economist-ը մատնանշում է, որ հրապարակային հայտարարություններում ամերիկացի պաշտոնյաները չեն նշում որևէ վերջնաժամկետ հրեական պետության համար՝ ավարտելու իր հարձակումը ՀԱՄԱՍ շարժման դեմ։ Այնուամենայնիվ, ըստ պաբերականի, Իսրայելին մնացել է ընդամենը մի քանի շաբաթ Գազայի հատվածում հաջողության հասնելու համար: Միաժամանակ, ամսագիրը ցածր է գնահատում իսրայելական բանակի հաջողության հավանականությունը։
Ինչպես նշվում է հոդվածում, եթե Միացյալ Նահանգները պահանջի հաջորդ տարվա սկզբին դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծումը, իսրայելական բանակը, ամենայն հավանականությամբ, կշարունակի իր ռազմական արշավը, թեև ավելի քիչ ինտենսիվությամբ։ Այս իրավիճակում, առաջարկում է The Economist-ը, ՀԱՄԱՍ-ը կշարունակի վերահսկել Գազայի հատվածի մի մասը, իսկ Իսրայելը չի հասնի իր հիմնական նպատակին՝ ոչնչացնել հոկտեմբերի 7-ի հարձակման կազմակերպիչներին։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն, ի պատասխան, հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման պահից ի վեր զոհվել է Գազայի հատվածում զոհվել է 17 177 մարդ, իսկ 1200-ը՝ Իսրայելում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







