Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Greek Diplomatic Life ամսագրին տված հարցազրույցում պատմել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, Արցախում տեղի ունեցած դեպքերի մասին՝ շեշտելով, որ Ադրբեջանի ագրեսիայի վտանգը չեզոքացված չէ։
«Այսօր ադրբեջանական բանակն օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է»,- ընդգծել է դեսպանը։
Մկրտչյանի խոսքով՝ միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար. աղետի բոլոր մեղավորները պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն:
Մկրտչյանը նոր արյունահեղությունը տարածաշրջանում կանխելու համար անհրաժեշտ է համարում ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից և վերադառնալ երկխոսության, որի համար միջազգային դերակատարները պետք է միասնական կամք ունենան և համապատասխան ճնշում գործադրեն։
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած իրադարձություններին՝ դիվանագետը նշել է, որ 35 տարի միջազգային իրավունքի տարրերին համապատասխան սեփական ինքնորոշման համար պայքարած Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր լքել է իր տունը, այն բնօրրանը, որն առնվազն վերջին երեք հազարամյակում միշտ հայաբնակ և հայկական է եղել։
«Լեռնային Ղարաբաղի քաղաքացին զենքերը վայր է դրել և իր ընտանիքի հետ լքել տունը, քանի որ նույնիսկ «առաջադեմ» կույր հասարակության առաջ 9 ամիս սովի և այլ զրկանքների դիմանալուց հետո չի ստացել այն աջակցությունը, որը պետք է ստանար մարդասիրական գրված և չգրված օրենքներով, քանի որ այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը՝ որպես «էներգետիկայի ոլորտում վստահելի գործընկեր», քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը»,- ավելացրել է նա։
Դեսպանը կենսական նշանակության խնդիր է համարում Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանումը, քանի որ մի շարք վայրերում գրանցվել են եկեղեցիների ավերման կամ վերակառուցման փորձեր, որոնցում մաքրվել են հայկական հետքերը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն,այսպես կոչված, հաղթանակի տոնի կապակցությամբ նոյեմբերի 7-ի իր հայտարարության մեջ ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղերն անվանել էր «օկուպացված»։ Բաքուն Երևանին կոչ էր արել «ճիշտ ընկալել տարածաշրջանի իրողությունները»։
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել դրանց ազատագրման կարևորությունը»։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






