ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովի հետ քննարկել է նավթի և գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնումը և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ռուսական նավթագազային խոշորագույն կոնցեռններն աշխատում են Ադրբեջանի հետ և պատրաստ են ընդլայնել համագործակցությունը։ Մասնավորապես, մի շարք նոր նախաձեռնություններ կան ադրբեջանական հզորություններով ռուսական ածխաջրածինների տարանցման և վերամշակման համար։ Խնդիրը մեր ջանքերի համախմբումն է»,- ասել է Նովակը։
Ըստ մամուլի ծառայության՝ կողմերը քննարկել են նաև ռուսական նավթագազային ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանում արդյունահանման նոր նախագծերին, երկրում վառելիքի վաճառքի բիզնեսի ընդլայնման, այդ թվում՝ Տիխորեցկ-Բաքու նավթամուղով ռուսական նավթի հակադարձ մատակարարումների ավելացման հարցերը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներմուծման փոխարինման քաղաքականության շրջանակներում ռուսական և ադրբեջանական ընկերությունների միջև տեխնոլոգիական համագործակցության կառուցման հեռանկարները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







