Իսրայելը որոշել է ձեռնպահ մնալ Գազայի հատված լայնամասշտաբ ներխուժումից և սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում, գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ նման մոտեցումը համապատասխանում է այն առաջարկություններին, որոնք ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վերջին օրերին հասցեագրել է իր իսրայելցի գործընկերներին:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը NYT-ին ասել է, որ դժվար է եզրակացնել, թե ինչպես կվարվի Իսրայելը, հատկապես հաշվի առնելով ավիահարվածների ուժեղացումը և վերջին երեք օրերին Գազա ցամաքային ներխուժման ընդլայնումը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







