Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով ավելի քան 4600 պաղեստինցի է զոհվել, ևս 14 200 մարդ վիրավորվել է, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Գազայում հակամարտության սկզբից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի ընդհանուր թիվը հասել է 4651-ի, այդ թվում՝ 1873 երեխա, 1023 կին և 187 տարեց։ Եվս 14 245 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել»,-նշվել է հաղորդագրության մեջ։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ միայն վերջին օրվա ընթացքում իսրայելական գնդակոծությունների հետևանքով զոհվել է 266 պաղեստինցի, այդ թվում՝ 117 երեխա:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







