Շուրջ 20 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի ու ևս 3 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշվում է, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, նույն զորամասի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար Վ. Ե.-ից պահանջել են ընդհանուր 19 մլն 700 հազար ՀՀ դրամ կաշառք և կատարել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:
Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած՝ ՀՀ ՊՆ-ին ներքնազգեստ մատակարարելու գնման ընթացակարգում վերը նշված ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից, որից հետո հիշյալ ընթացակարգով նախատեսված ավելի քան 70.000 չափաքանակով՝ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու նպատակով ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն, նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, ընկերության տնօրեն Վ. Ե.-ից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող զինվորական վերարկուներն ու ներքնակները պատվիրատուի կողմից անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ պարտավորվելով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար վերջինիս տալ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք:
Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ինչպես անձամբ, այնպես էլ վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյաներին:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում վերը նշված նույն ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարվել են սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող 924 զույգ կանացի կոշիկներ, որոնք անխոչընդոտ ընդունելու համար ՊՆ իրային բազայի հրամանատարը պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, ընկերության տնօրենից պահանջել և Ռ. Վ.-ի միջոցով ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊՆ զորամաս է մատակարարվել 12.900 հատ տաք ներքնաշոր այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է ավելի քան 3000-ով պակաս: ՀՀ ՊՆ-ն փաստացի չմատակարարված ավելի քան 3000 հատ ներքնաշորերի համար ընկերությանը փոխանցվել է 7.517.310 ՀՀ դրամ, որն էլ Ռ. Վ.-ի օժանդակությամբ հափշտակվել է ՊՆ պաշտոնատար անձանց և ընկերության տնօրենի կողմից:
ՀՀ ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ին, զորամասի պահեստապետ Վ. Մ.-ին, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ին և ընկերության աշխատակից Ռ. Վ.-ին մեղադրանքներ են ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական կեղծիք և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Զորամասի հրամանատարի և պահեստապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ ՍՊԸ տնօրենի նկատմամբ՝ տնային կալանքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







