Իսրայելի պաշտպանության բանակը լիբանանյան սահմանային շրջանները ռմբակոծելիս սպիտակ ֆոսֆոր է օգտագործել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լիբանանյան Al Wataniya գործակալությանը:
Գործակալությունը տեղեկացնում է, որ հարձակումներն իրականացվել են հիմնականում բնակեցված վայրերի ուղղությամբ։
Կրակի տակ են հայտնվել, այսպես կոչված, Կապույտ գծի (լիբանանա-իսրայելական սահման) հարակից տարածքները։ Հարձակման հետևանքով կան զոհեր, սակայն ստույգ թիվը չի հաղորդվում։
Հոկտեմբերի 11-ին գործակալությունը պնդում էր, որ իսրայելական զորքերը ֆոսֆորային զինամթերք են օգտագործել հարավային Լիբանանի արևմտյան հատվածի վրա հարձակումների ժամանակ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան հազարավոր զոհեր և վիրավորներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







