Իրանը ՄԱԿ-ի միջոցով Իսրայելին նախազգուշացրել է, որ եթե Գազայի հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման դեմ գործողությունն ընդլայնվի, միջամտելու է հակամարտությանը, հայտնել են Axios-ի աղբյուրները:
Թեհրանը սպառնացել է միջամտել հակամարտությանը, հատկապես, եթե Իսրայելը ձեռնամուխ լինի խոստացված ցամաքային հարձակմանը:
Նշվում է, որ ուղերձն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը փոխանցել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան խաղաղության հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդին Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպման փաստը հաստատել է Վենեսլանդի գրասենյակը։:
Axios-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի հատուկ համակարգողն Իրանի նախարարին խնդրել է օգնել կանխել հակամարտության ընդլայնումը: Պարոն Աբդոլլահիյանն ի պատասխան հայտարարել է, որ Թեհրանը չի ցանկանում, որ հակամարտությունը վերաճի տարածաշրջանային պատերազմի, ցանկանում է օգնել ազատ արձակել ՀԱՄԱՍ շարժման պատանդառված խաղաղ բնակիչներին: Սակայն նա նշել է, որ Իրանն ունի կարմիր գծեր, և եթե Իսրայելը ցամաքային գործողություն իրականացնի, Թեհրանը ստիպված կլինի պատասխանել:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







