Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի աղմկահարույց հայտարարության առնչությամբ ՌԴ-ն հարցում կուղարկի Բաքու, հայտնել են ռուսական տելեգրամյան ալիքները։
Ռուսաստանի ԱԳՆ-ն մտադիր է հարցում ուղարկել Բաքու՝ պարզելու և հասկանալու, թե Ադրբեջանն ի՞նչ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային և արդյոք ադրբեջանական իշխանություններն, ընդհանուր առմամբ, աջակցում են Կիևին։
Հարցման պատճառն Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևի աղմկահարույց հայտարարությունն է այն մասին, թե «Բաքուն աջակցում է Կիևին ռուսական ագրեսիային դիմակայելու հարցում և հիանում ուկրաինացի զինվորականների և երկրի ղեկավարության գործողություններով»:
Ըստ աղբյուրի՝ հարցման միջողոց կխնդրեն բացատրել վերոնշյալ արտահայտությունները և բացահայտել Ադրբեջանի վերաբերմունքը Ուկրաինայում ռազմական հակամարտության վերաբերյալ։ Փաստաթղթում, ըստ աղբյուրի, նշվելու է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունները բացասական արձագանք են առաջացրել ռուսական հասարակության շրջանում:
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Մարդալիևը իր «հիացմունքն է հայտնել ուկրաինական բանակին և ամբողջ Ուկրաինային՝ տոկունության և քաջության համար, որը նրանք դրսևորում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան հետ մղելու գործում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







