Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հուլիսի 13-ին բանակցություններ է վարել Ադրբեջանում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գալանտի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ «գոհունակություն է արտահայտվել երկկողմ հարաբերությունների զարգացումից, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից»։
Իսրայելի նախարարը հանդիպել է նաև իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են «ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։
Հասանովի խոսքով՝ երկու երկրների միջև գործընկերության բարձր մակարդակը կարևոր դեր է խաղում «ամբողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»։ «Հատկապես ընդգծվել է ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման և անվտանգության հետ կապերի ընդլայնման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի պաշտպանության նախարարի նախորդ այցն Ադրբեջան տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին։ Բենի Գանցը, որն այն ժամանակ Իսրայելի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն էր, Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







