Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են մոտ ապագայում ակտիվացնել դեպի Նախիջևան միջանցքը Իրանի տարածքով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի արտգործնախարարին Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպումից հետո։
«Սա խթան կհաղորդի իրանա-ադրբեջանական հարաբերություններին հաղորդակցության ոլորտում։ Կարելի է ասել, որ այս միջանցքը շատ կարևոր դեր է խաղալու Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապելու գործում։ Մենք շատ լայն քննարկումներ ենք ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շուրջ»,- ասել է Աբդոլլահիանը։
2022 թվականի մարտի 11-ին Բաքուն և Թեհրանը հուշագիր են ստորագրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով տրանսպորտային կապի ստեղծման մասին։ Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է Արաքս գետի վրայով չորս կամուրջ կառուցել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսին հայտարարել էր, որ Բաքուն սկսել է առաջին կամրջի շինարարությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







