Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի գիշերային ակումբում տեղի ունեցած սպանության կասկածանքով երեք անձ ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«2023թ. հուլիսի 3-ին՝ ժամը 05:26-ին, ըստ նախնական տվյալների, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Քարակերտի գիշերային ակումբի հաճախորդների՝ մի կողմից Քարակերտի 4 և Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրի 2 բնակիչների միջև։ Վիճաբանողները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Արտենիի 23-ամյա բնակիչն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իրենց հետ վիճաբանող քարակերտցիներից մեկին, ով մահացել է հիվանդանոցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նույն օրը Արտենիի հիշյալ 23-ամյա բնակիչը հայտնել է, որ իրենց հետ վիճաբանող անձանցից մեկն իր ձեռքին եղած մահակով, իսկ մյուսները ձեռքերով և ոտքերով հարվածեր են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, որից հետո ինքը ծալովի դանակով հարվածներ է հասցրել իրեն ծեծողներին` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Փաստերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը մի խումբ անձանց կողմից, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի ( սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով), 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) կետի և 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) հատկանիշներով։ Սպանության կասկածանքով երեք անձ ձերբակալվել է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







