Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փակ քննարկում է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ։ Քննարկման օրակարգում եղել է արտադրական կանեփի թեման, հայտնել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները երեկ Մհեր Գրիգորյանին են ներկայացրել իրենց առաջարկները և փաստարկել, որ դրանց ընդունմամբ ոլորտը կազատականացվի, և ոչ թե մեկ-երկու հոգի կզբաղվեն կանեփի արտադրությամբ, այլ՝ շատերը, ուստի բիզնես պլանի պահանջն էլ պետք է լինի պարտադիր, որն առողջապահության նախարարությունն առաջարկում էր հանել։ Մհեր Գրիգորյանը, մեծ հաշվով, առարկություններ չի ունեցել, ի տարբերություն առողջապահության ոլորտի պատասխանատուների։
ՔՊ-ական պատգամավորները կառավարության անդամներից պահանջել են օրենքով մեղմացնող գործիքակազմ ներդնել, որպեսզի Հայաստանում կանեփի արտադրությամբ ընդամենը մեկ կազմակերպություն չզբաղվի։ Դեռևս ապրիլին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ոլորտին վերաբերող՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջից հրաժարում, ինչպես նաեւ այլ փոփոխություններ:
Սակայն մայիսի 17-ին, երբ նախագիծը խորհրդարանի պատկան հանձնաժողովում քննվելուց հետո պետք է երկրորդ ընթերցման ներկայացվեր, ՔՊ-ականներն այն չընդունեցին։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ նման եկամտաբեր եւ գրավիչ բիզնեսով այսօր ՀՀ-ում զբաղվում է ընդամենը մեկ ընկերություն, այն էլ՝ կիսատ-պռատ, ուստի անհրաժեշտ է նոր գործիքակազմ ներդնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







