Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Կարայ Աշտիանին խոստացել է «նոր ձեռքբերումներ» ներկայացնել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ոլորտում, հայտնում է Tasnim-ը։
«ԱԹՍ-ների արտադրության ոլորտում մենք ունենք նոր ձեռքբերումներ, որոնց մասին կհայտարարվի մոտ ապագայում»,- ասաց նա։ Նրա խոսքով, դրա վրա աշխատում են մասնագետները, և Իրանը նախատեսում է այս ոլորտում կիրառել նաև արհեստական բանականության տեխնոլոգիաներ։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին 2022 թվականի դեկտեմբերի վերջին ասել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) ճշգրտությամբ և մարտական առաջադրանքների առումով աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում։ «Մեր անօդաչու սարքերը գտնվում են աշխարհում ամենաբարձր մակարդակի վրա՝ իրենց ճշգրտությամբ, ծառայության ժամկետով և առաքելության կատարմամբ: Իսլամական Հանրապետության զինված ուժերը կարողացան զարգացնել անօդաչու թռչող սարքի հզորությունը՝ հենվելով միայն երկրի ներսում առկա ռեսուրսների վրա և օգտագործելով սեփական փորձը»,- ասել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







