Թուրքիայի վերջին հայկական գյուղում՝ Վաքըֆլիում, փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 40 տներից 30-ը խիստ վնասվել են, հայտնում է Reuters գործակալությունը իր ռեպորտաժում։
Գործակալության տեղեկություններով՝ երրորդ ուժեղ երկրաշարժից հետո գյուղի 130 բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Նրանք հավաքվում են թեյարանում՝ ապաստան և ջերմություն փնտրելու համար։ «Վաքըֆլին այն ամենն է, ինչ մենք ունենք, միակ հայկական գյուղը Թուրքիայում։ Սա մեր տունն է։ Սիրտս կոտրվում է, երբ նրան այսպես եմ տեսնում», — ասում է գյուղի բնակիչներից մեկը՝ 67-ամյա Մասիսը։
Մասիսի խոսքով՝ ինքը չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի գյուղը վերականգնվի և մտավախություն ունի, որ գյուղի բնակիչների մեծ մասը կհեռանա և գյուղը լքվելու է։ Նա խոստացել է գյուղում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի վերականգնվել, գրում է գործակալությունը։ «Այս փոքրիկ գյուղը, և մեր երեխաները հիմնականում նախընտրում են ապրել Ստամբուլում։ .. Դա միակ տունն է, որը մենք երբևէ ճանաչել ենք»,-ասել է նա:
Գյուղի 64-ամյա բնակչուհին պատմել է, որ այցելել է Ստամբուլում գտնվող աղջկան, երբ տեղի են ունեցել առաջին երկու երկրաշարժերը, որից հետո նա վերադարձել է Վաքըֆլի։ Նա ասում է, որ իր տունը դարձել է անբնակելի, և նրանք ժամանակի կեսն անցկացնում են թեյարանում, իսկ մյուս կեսը՝ վրանում: Նա ընդգծել է, որ գյուղում էլեկտրականության անջատումն իսկական խնդիր է դարձել։
«Մեզ ջեռուցում է պետք։ Մենք փորձում ենք տաքանալ թեյով, բայց գիշերները ցուրտ են և շատ սարսափելի՝ խավարի մեջ, մշտական հետցնցումներով», — մեջբերում է գործակալությունը գյուղի բնակչուհու խոսքերը։
Երկրաշարժերից տուժել է նաև գյուղի ծայրամասից ոչ հեռու գտնվող Սուրբ Մարիամ հայկական եկեղեցին։
Տեր Ավեդիս քահանա Թաբասյանը գործակալությանը պատմել է, որ ամենամեծ վնասը պատճառել է երրորդ երկրաշարժը։ Տաճարի քարե պատերը փլուզվել են։ Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո եկեղեցում պատարագ չի մատուցվել։ «Մենք նախատեսում էինք վերանորոգում իրականացնել։.. Աստված մեզ ցույց տվեց մեր սիրելի եկեղեցին վերանորոգելու և նորոգելու այլ միջոց», — ասում է նա։
Վաքըֆլի գյուղը գտնվում է Հաթայ նահանգի Մուսա լեռան լանջին և Թուրքիայի միակ պահպանված հայկական գյուղն է։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







