Այսօր Ստեփանակերտի 2-րդ դպրոցում տեղի է ունեցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Մտահղացումն իրականություն է դարձել Արցախի Հանրապետության կառավարության և ավստրալահայ բարերար Շանթ Կրաջյանի համաֆինանսավորմամբ, ՀՅԴ նախաձեռնությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ քանդակագործը Յուրի Հովհաննիսյանն է, ճարտարապետը՝ Սերգեյ Ադամյանը:
Բեկորի անունը կրող դպրոցում հերոսի խրոխտ հայացքի ներքո ձևավորվելու է ազատ Արցախի ձեռքբերումների նոր հանգրվանը: Եվ մեր զենքը ոչ միայն գիտելիքն է լինելու, այլև՝ հայրենաճանաչումն ու հայրենասիրությունը: Բեկոր Աշոտը մեր մտքում ու գործողություններում կլինի միշտ, քանի դեռ Հայրենիքի պաշտպանության ու զարգացման ջիղն ու կամքը առաջնորդում է մեզ:
Շնորհակալություն այս ծրագրի նախաձեռնողներին ու իրագործողներին»,– գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







