Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման ուղղությամբ համակարգված ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։
Իլհամ Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք գործնական հարցեր, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները, ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը խաղաղ համաձայնագրի շուրջ, այս մասին հանդիպման արդյունքներով հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Նաև երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում հանդիպում կազմակերպել փաստաթղթի նախագծի վրա աշխատելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







