Արցախի կառավարությունը բացատրել է, թե ինչու են Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցներն Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ այցելել Սարսանգի ջրամբար։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ 2020թ. Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ 44-օրյա պատերազմից հետո նման շփումներ պարբերաբար տեղի են ունենում։ Նպատակն է լուծել հանրապետության համայնքների, այդ թվում՝ Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված խնդիրները։ Այդ իսկ պատճառով 2021 թվականից Բաքվի կողմից վերահսկվող տարածքներ են այցելում Արցախի ջրային կոմիտեի ներկայացուցիչները։
Համացանցումանցում հայտնված ադրբեջանցիների մասնակցությամբ նոր հանդիպման կադրերն Արցախի կառավարությունը բացատրել է «Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցը քննարկելու» անհրաժեշտությամբ։ Նրանք հավելել են, որ կողմերը քննարկել են ջրային ռեսուրսների օգտագործման տարբերակները՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը:
Արցախի իշխանությունները խոստացել են, որ որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով հանրապետության շահերը։ Նրանք վստահեցրել են, որ «չեն ձգտում թաքցնել որևէ իրադարձություն՝ ստեղծված իրավիճակում ձեռնարկելով բոլոր հնարավոր միջոցները պետության ու հասարակության անվտանգության մակարդակը բարձրացնելու, լարվածություն ստեղծող երևույթները չեզոքացնելու համար»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







