Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով:
Հայտարարության համաձայն՝ Միշելն ընդգծել է երկու կողմերի հումանիտար ժեստերի կարևորությունը՝ վստահության և խաղաղ գոյակցության ամրապնդման համար: Նա ընդգծել է բոլոր չլուծված հումանիտար հարցերի ամբողջական և շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ մնացած գերիների ազատ արձակումը և անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը:
«Նախագահ Միշելը նշել է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի կողմից իրենց երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ արագ առաջ շարժվելու ցանկությունը: Այդ նպատակով որոշվել է արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղ պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որով կկարգավորվեն բոլոր անհրաժեշտ հարցերը», — ասված է հաղորդագրության մեջ:
Հայտարարության համաձայն՝ որոշվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը համապատասխան՝ սահմանային հանձնաժողով ձևավորել մինչև ապրիլի վերջ: Հանձնաժողովի մանդատը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով և նրա մերձակայքում երկկողմ սահմանի դելիմիտացիա և անվտանգության ոլորտում կայուն իրավիճակի ապահովում:
Նշվում է, որ առաջնորդները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների և հաղորդակցության վերականգնման հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







